ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն քչերն են մտնում բարձր տրամադրությամբ։ Բայց փետրվարի 14–ին «Արյան բանկի» ընդունարանում բարձր տրամադրություն էր։ Շինարարական ընկերության 50 աշխատակիցներ որոշել էին արյուն հանձնել Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվա նախաշեմին։ Նրանք վերջերս սկսել են շենք կառուցել կենտրոնի դիմաց, ամեն օր տեսել են արյան կարիք ունեցող մարդկանց ու չեն կարողացել անտարբեր մնալ։
Ստանալով իրենց ձևաթղթերը` տղամարդիկ ու կանայք արագ լրացրին դրանք ու շտապեցին մտնել թերապևտի սենյակ։ Ոմանք վշտացած դուրս եկան. նրանց թույլ չէին տվել արյուն հանձնել։ Մնացածները մտան սենյակ, որտեղ բուժքույրն ու բժիշկը ցուցումներ տվեցին ու միացրին արյան տոպրակը։
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
Սկզբում արյուն հանձնեց Մուշեղ Հարությունյանը։ Առաջին անգամ չէր հանձնում, բայց այսօր շատ ավելի մեծ հաճույքով էր եկել կենտրոն։ Դժվարությամբ համոզեցինք, որ լուսանկարվի։ Նա համոզված է, որ բարի գործի մասին պետք չէ խոսել։
Ընկերության մյուս աշխատակիցը` Երվանդ Ալթունյանը, սիրով զրույցի բռնվեց ու պատմեց, որ դեռ բանակում է արյուն հանձնել։ Այդ ժամանակ ընկերն է վիրավոր է եղել, և հիմա գրեթե չի հիշում իր զգացողությունները։ Այսօր փորձում է մտապահել բոլոր տպավորությունները ու խոստովանում, որ ոչ մի ցավ կամ անհարմարություն չի զգացել։
«Ես ինքս հայր եմ և գիտեմ, որ մի անգամ էլ իմ երեխաներն օգնության կարիք կունենան։ Մենք ոչինչ չենք կորցնում, հետևաբար ցանկության դեպքում կարելի է հասնել նրան, որ երկրում արյան պակաս չլինի», – ասաց Ալթունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Դու մենակ չես». 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
Բժիշկ Արթուր Դաբիկյանն էլ հայտնեց, որ իրականում կենտրոնը բացասական ռեզուսով արյան պակաս ունի, որովհետև հայերի մոտ հիմնականում գերիշխում է արյան երկրորդ դրական կարգը։
Նա հաղորդեց նաև, որ ամեն օր մոտ 20-50 մարդ է ինքնակամ արյուն հանձնում։ Բայց, ցավոք, ոչ բոլորի արյունն է պիտանի փոխներարկման համար։ Դոնոր կարող է դառնալ 18 տարեկանից բարձր և 60–ից երիտասարդ մարդը։ Տղամարդիկ կարող են արյուն հանձնել 3-3,5, իսկ կանայք` 2-2,5 ամիսը մեկ։
«Դոնորները հազվադեպ են ուշաթափվում, հիմնականում դա կապված է ներշնչանքի հետ, օրգանիզմի հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվում։ Բայց դեպքեր են եղել, երբ դոնորը վերջին պահին փոշմանել է ու հեռացել», – ասաց բժիշկը։
Դաբիկյանը խոստովանեց, որ սիրում է շոկոլադ տալ կամավոր դոնորներին, քանի որ այն ոչ միայն բարձրացնում է տոնուսը և օգնում վերականգնվել, այլ նաև բարձրացնում է տրամադրությունը։ Իսկ «պրոֆեսիոնալ» դոնորները, շոկոլադից բացի, նաև 15 հազար դրամ են ստանում մի տոպրակ արյան համար։ Յուրաքանչյուր դոնորից 400-450 մլ արյուն են վերցնում։
Որպես կանոն` փոխներարկման ժամանակ արյունն ամբողջապես չեն օգտագործում։ Սովորաբար բաժանում են էրիթրոցիտների (կարմիր գնդիկներ), պլազմայի և թրոմբոցիտների (արյան թիթեղիկներ)։ Բաղադրիչները փաթեթավորում են ու պահում համապատասխան պայմաններում. պլազման -30°С–ի, էրիթրոցիտները` սառնարանային ջերմաստիճանի, իսկ թրոմբոցիտները` +22°С–ի և մշտական շարժման պայմաններում։
Նշենք, որ արյուն հանձնելը նախաձեռնել էր Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամը, իսկ դոնորները «Մետրոշինվերանորոգում» ընկերության ներկայացուցիչներն էին։
Տաթևիկ Ռևազյանը 6–ամյա Տիգրանին ժպիտ պարգևելու համար մեկ օրով փոխեց մասնագիտությունը