ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Հետաքրքիր շոու ծրագրի ելույթները նախատեսված են մարտի 6, 7, 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ
Ջրային կրկեսի համար հատուկ լողավազան է պատրաստվում, որը մինչև 20 մետր բարձությամբ ցայտող բազմաթիվ շատրվաններ ունի։ Հատուկ լազերային գունագեղ լուծումներն էլ ավելի հեքիաթային կդարձնեն ցուցադրությունը։ Ջրային կրկեսն աչքի է ընկնում նաև երաժշտական օրիգինալ ձևավորմամբ։
Այս շոու ծրագիրը միավորում է կրկեսի բոլոր հետաքրքիր ժանրերը՝ վարժեցված կենդանիներ, ակրոբատիկ համարներ, հրաշագործություններ և այլն։ Մինչ արտիստները հաջորդաբար կհայտնվեն ջրի մեջ և օդում, լողավազանում իրենց ելույթները կցուցադրեն գեղարվեստական լողորդները՝ կերտելով ջրային բնակիչների՝ մեդուզաների, ջրահարսերի կերպարներ։ Հանդիսատեսը կտեսնի նաև կրակներով յուրահատուկ համարներ, դրական լիցքեր կստանա ծաղրածուների դուետի շնորհիվ։
Ջրային կրկեսի ժամանակ պարանների վրա իրենց հմտությունները կցուցադրեն մարմնամարզիկներ Օլգա Պետրիկը և Իվան Ֆասենկոն։ Առանձին համարով հանդես կգա ուժային ատլետ Ռուսլան Գիլմուլինը։
Ի դեպ, օդային մարմնամարզիկները` Միխայիլ Սևրյուկովի ղեկավարությամբ, «Эхо Азии» ամենամյա միջազգային կրկեսային փառատոնի ոսկե մրցանակակիրներ են։ Այս փառատոնին կրկեսային արտիստներ են մասնակցում աշխարհի տարբեր անկյուններից։
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքը կլինի անվճար:
«WATERLAND» ջրային կրկեսը ստեղծել է Վլադիմիր Բուգայենկոյի գլխավորած «Цирк Украины» պրոդյուսերական ընկերությունը 2016 թվականին։ Առաջին ելույթը եղել է 2018-ին Բելառուսում, որից հետո սկսել են ներկայանալ տարբեր քաղաքներում։
Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից