ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 18–ամյա Էդմոնդ Նազարյանը, որ հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո, եզրափակիչում 7:3 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Կաբալոևին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Եվրոպայի առաջնությունում Էդմոնդ Նազարյանն իր ելույթները սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով առավելության հասավ նորվեգացի Սնորե Լունդի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Նազարյանը 14:2 հաշվով պարտության մատնեց իտալացի Ջիովանի Ֆռիենիին, իսկ կիսաեզրափակիչում ժամանակից շուտ մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի նկատմամբ, որը 2018 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն էր:
Ինչպես երևում է, Էդմոնդը հեղինակությունների սարսափ դարձավ այս մրցաշարում, որովհետև եզրափակիչում էլ Նազարյանը 7:3 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի գործող չեմպիոն Վիտալի Կաբալոևին։ Պարզ է, որ չեմպիոնի որդին ընթանում է հոր հետքերով:
8։0. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ու անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Արմեն Նազարյանի հաղթանակները մարզասերները երբեք չեն մոռանա: Նա Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.), օլիմպիական կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն է։ Հիմա էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: Արմենի ձեռագիրը զգացվում է որդու՝ 18–ամյա Էդմոնդ Նազարյանի գոտեմարտելու ոճում: Այն, Էդմոնդն այս տարիքում դարձավ Եվրոպայի չեմպիոն, արդեն անհավանական հաջողություն է: