ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է` Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացին, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ու ՀՀ բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդի միջոցով փորձել այն Հայաստան ուղարկել։
«ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեթադոն և կոկաին տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում։ Նա 2020թ. հունվարի 25-ին Մոսկվայում սղոցը պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով`2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է ՀՀ, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, փետրվարի 3-ին ստացել են ուղեբեռը։ Հետո այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն։ Կատարվում է նախաքննություն։