ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է 2-րդ զորամիավորում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները:
Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: