ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության մեջ մեղադրվող Անի Մինասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ հանրային պաշտպան Ժորա Պետրոսյանի միջնորդությամբ:
Նիստի մեկնարկից րոպեներ անց Պետրոսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին նիստը կես ժամով հետաձգելու միջնորդություն ներկայացրեց` դատագենետիկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու համար (եզրակացությունը կցված է գործին որպես ապացույց):
Ավելի ուշ, վերադառնալով նիստերի դահլիճ, պաշտպանը նիստը մի քանի օրով հետաձգելու միջնորդություն ներկայացրեց ՝ այդ եզրակացությանը ամբաստանյալի հետ ավելի մանրամասն ծանոթանալու և պաշտպանական մարտավարություն ընտրելու նպատակով:
Դատախազն ու տուժողի իրավահաջորդը չառարկեցին: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը հրավիրել մարտի 3-ին:
Ի դեպ, ամբաստանյալի ցանկությամբ, դատարանը որոշեց թույլ չտալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսանկարահանել ամբաստանյալին կամ հրապարակել նեղ անձնական փաստերը:
Հիշեցնենք` 2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան աղջիկ երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ։ Հետո երեխային տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։ Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:
Երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով։
«Նա չէր սպանի». գյումրեցի տղամարդը` 1 տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող հարսի մասին