ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հարցումն անցկացվել է «Հոֆենհայմի» պաշտոնական կայքում: 26–ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է բոլորից շատ ձայներ ու տոնել առաջին հաղթանակը նաև խադաշտից դուրս:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 14 խաղի ու դարձել 5 գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ երբ Ադամյանը գոլի հեղինակ է դառնում «Հոֆենհայմի» կազմում, թիմն անպայման հաղթում է:
Ադամյանի դուբլը հաղթանակ բերեց իր թիմին «Բավարիայի» հետ խաղում, բացի այդ, հայ ֆուտբոլիստը ապահովել է թիմի հաղթանակը «Քյոլնի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Վերդերի» հետ խաղերում:
Օրեր առաջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ Սարգիս Ադամյանը չորս միավոր զիջեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և 104 միավորով լավագույնների ցուցակում երկրորդն էր:
Սարգիս Ադամյանը երկու գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպաս. տեսանյութ
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Ռոգենսբուրգից» Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ: