ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը դատավարության ընթացքում կշարունակի մնալ ազատության մեջ։ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Ռազմիկ Աբրահամյանին կալանավորումից ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը։
«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին
2019թ–ի դեկտեմբերի 22-ին ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու` նախաքննության մարմնի միջնորդությունը`հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
2019թ.–ի դեկտեմբերի 30-ին դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Աբրահամյանին կալանավորումից ազատ արձակելու որոշումը։
Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200–րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառքը)։
Նշենք, որ այս քրեական գործով Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշում կայացրեց
Նույն քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի նաև նախկին փոխնախարար Արսեն Դավթյանն այն բանի համար, որ խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Հիշեցնենք` Ռազմիկ Աբրահամյանն անցնում է նաև ԱԱԾ վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով։ Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։
Այս գործով` ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։
Հիշյալ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ։