ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Վիճակագրության կոմիտեի ներկայացրած տվյալները, որոնք վերաբերում են 2019թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշին:
«Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 13 տոկոսով, ծառայությունները՝ 11.6 տոկոսով, արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.9 տոկոսով, աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով: Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են»,– գրել է նա:
Ավելի ուշ Փաշինյանը հրապարակեց նաև տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը:
«Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով, շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով, առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով, ծառայությունների ծավալն աճել է 15%-ով, ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով: Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»,– գրել է նա։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2019 թ–ի ՀՆԱ–ի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում:
Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու