Ալեքսանդր Մինասյանի կարծիքով`առանց տանիքի, առանց պաշտպանության ոչինչ չի կարող հարատևել։ Նա հիշում է, թե ինչ պայմաններում է ձևավորվել մեր փառապանծ ու հաղթանակած բանակը:
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ
«Ես բանակաշինության ակունքներում եղել եմ այնքանով, որ ժամանակին կար Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի ստեղծման կարիքը, և Վազգեն Մանուկյանի հորդորով անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու այդ կառույցը: Սկզբում դժվարություններ շատ կային, բայց մենք հնարավորություն ունեինք մարտիկների, անմիջականորեն շփվել Արցախյան հերոսամարտում կռված տղաների հետ, ովքեր արդեն իսկ փորձ ունեին և կարող էին իրենց անգնահատելի փորձը փոխանցել մեր սաներին: Վերջիններս էլ դառնում էին ավելի ուժեղ ու գիտակից»,- նշում է ռազմամարզական վարժարանի հիմնադիրը:
Բանակի գնդապետի համոզմամբ՝ այդ գործում միայն զենքի, համապատասխան տեխնիկայի առկայությունն ու առավելությունը չէ, որ պետք է երևար, այլ նաև անհրաժեշտ փորձն ու գիտելիքները: Ռազմական վարժարանը կարճ ժամանակում դարձավ մասնագիտական կրթօջախ, իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանը հետագայում Ալեքսանդր Մինասյանին առաջարկեց զբաղեցնել նորաստեղծ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը: Գնդապետը ջերմությամբ է հիշում ինչպես Վազգեն Սարգսյանին, այնպես էլ իր առաջին սաներին, որոնց տվել է լեյտենանտի ուսադիրները:
«Այն տարիներին ես էլ ստանում էի հույժ գաղտնի առաջադրանքներ: Մեզ մոտ ստեղծվեց մի հետաքրքիր շաղախ, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ ռազմարվեստը զուտ սպայի տեսանկյունից: Պատերազմական իրադրության հաղթահարման տեսլականը դարձավ ավելի հեշտ ու տեսանելի: Արցախյան հերոսամարտում հավատում էինք հաղթանակին, որովհետև մեր հողից ուրիշ տեղ չենք կարող գնալ»,- հիշում է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետը:
ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան
Ալեքսանդր Մինասյանի փոխանցմամբ՝ մնում էր արիաբար մարտնչել ու հաղթել մեզ պարտադրված պատերազմում: Գնդապետը նշում է, որ իր համար ներշնչանքի աղբյուր է եղել մասնավորապես լեգենդար Ավոն՝ Մոնթե Մելքոնյանը:
«Մեր ուղիներն Արցախյան հերոսամարտում թեև չեն խաչվել, բայց իրար ավելի լավ ճանաչել ենք քաղաքացիական կյանքում: Ունեցել ենք բազմաթիվ առանձնազրույցներ, ինձ վրա մեծ տպավորություն է թողել արդար մարդու զգացողությունը: Արդարամտությունն ասես դրոշմված էր Ավոյի կրծքին»,– ասում է գնդապետը:
Ալեքսանդր Մինասյանը շեշտում է հատկապես այն հանգամանքը, որ արդարամտությունն ու աննկուն ոգին Մոնթե Մելքոնյանից փոխանցվում էին նրա զինակից սպաներին ու զինվորներին՝ նրանց գոտեպնդելով ամենադժվար պահերին: