ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի առթիվ մի շարք կոչումներ է շնորհել։
Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին, իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հայաստանում 8 աղջկա շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հիշեցնենք, որ Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգությունն ապահովելով։
Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է: