ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, այցելել է Երուսաղեմի և քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար։
Սուրբ Հարության տաճարը կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն և Կաթոլիկ եկեղեցիները:
Հայաստանի նախագահին և տիկնոջը դիմավորել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, հայ հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Նախագահ Սարգսյանը և տիկին Սարգսյանը շրջել են տաճարում, եղել սրբավայրերում, մոմ վառել, աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների հետ:
Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար
Հայ հոգևորականների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային, հոգևոր արժեքներ ունի այս հողում և կարիք կա այդ ամենը շատ ավելի լավ ցուցադրելու և՛ Երուսաղեմի այցելուներին, և՛ աշխարհին: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը կարող են կամուրջ դառնալ, որ այն մարդիկ, որոնք այցելում են այստեղ, նաև Երուսաղեմի միջոցով ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները: