ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ուկրաինան Ադրբեջանի ոչ բարեկամական գործողություններից բողոքել է Եվրամիությանն այն բանից հետո, երբ Բաքուն Մերի Հակոբյանին նրա հայկական ծագման պատճառով թույլ չի տվել մասնակցել «Արևելյան գործընկերության» հովանու ներքո կազմակերպված «Հակամարտությունների վերլուծություն» սեմինարին։ Այս մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սեմինարը Բաքվում տեղի է ունեցել հունվարի 13-16-ին և կազմակերպվել Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության երկրների համար։ Մերի Հակոբյանին ներառել են պատվիրակության մեջ, քանի որ նա Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրացման բաժնի ղեկավարն է։
«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ
Փաստաթղթի համաձայն`որի պատճենը ստացել է «Եվրոպական ճշմարտությունը», Հակոբյանի թեկնածությունը հաստատվել է Ուկրաինայի ներքին գործերի կողմից և նրան ընդգրկել են պաշտոնական պատվիրակության մեջ։ Կազմակերպիչները հաստատել են նրա թեկնածությունը, նա անցել է անհրաժեշտ առցանց ուսուցում և ստացել էլեկտրոնային տոմսեր։ Սակայն թռիչքի նախօրեին ուկրաինական կողմը տեղեկություն է ստացել, որ Հակոբյանի մասնակցությունն անհնար է նրա հայկական ծագման պատճառով։
«Ադրբեջանական կողմը ընդհանուր եվրոպամետ տարածքում ինտեգրվելու ցանկության բացակայություն է դրսևորում։ Նշված դեպքն Ուկրաինայի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքի նախադեպ է ստեղծում»,-գրում է պարբերականը՝ հղում անելով փաստաթղթին։
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը ԵՄ դեսպանատանը խնդրել է «Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջին» խորհուրդ տալ զերծ մնալ Ադրբեջանի տարածքում միջոցառումներ անցկացնելուց։ Սակայն ուկրաինական կողմը որոշել է այդ սկանդալային միջադեպի շուրջ մեծ աղմուկ չբարձրացնել։