ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այս պահին ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։