ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Եկատերինբուրգից Երևան թռիչք իրականացնող ինքնաթիռը վերադարձել է, քանի որ միացել է շասսիի անսարքության հաղորդիչը, ոչ ոք չի տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Ուրալի քննչական վարչությունը։
Գերատեսչությունը պարզաբանում է, որ Airbus А-320 ինքնաթիռը ուրբաթ, ժամը 7։35–ին դուրս է եկել «Կոլցովո» օդանավակայանից, սակայն մոտավորապես մեկ ժամ անց ստիպված հետ է դարձել։ Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։
«Բարձրություն հավաքելու ընթացքում միացել է շասսիի անսարքության հաղորդիչը, որի պատճառով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել թռիչքի օդանավակայանում։ Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը վնասված չէ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները
Քննչական վարչությունն այդ փաստով ստուգում է սկսել, գերատեսչության աշխատակիցները պարզում են դեպքի պատճառը և հանգամանքները։
«Կոլցովո» օդանավակայանի տեղեկության համաձայն` ինքնաթիռը կրկին չվերթ է կատարել ժամը 10։35–ին, չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիները»։