ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը որևէ տեղեկություն չունի «Էրեբունի պլազայում» կատարվածի վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նաև հայտնեց, որ ինչ–որ տեղեկություն ունենալու դեպքում հանդես կգա հայտարարությամբ։
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազայի» ներսում:
«Էրեբունի» պլազայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Շենքում տեղակայված գրասենյակների աշխատակիցներին հորդորում են դուրս չգալ սենյակներից։ Նրանց հասած տեղեկությունների համաձայն` ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ և հարցրել. «Որտե՞ղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը»։
Շենքում գործող «Բլիզարդ» քեյթերինգ-ծառայության աշխատակիցը հայտնեց, որ ներքևի հարկի իրենց աշխատակիցներին տարհանել են, մնացել են վերևի հարկի աշխատակիցները։
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
ՀՀ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։