ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանն այսօր դառնում է 60 տարեկան։ Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դերասանը ծնվել է 1960 թվականի հունվարի 21–ին տեխնիկական կրթություն ունեցող Վադիմ Խառատյանի ու ինժեներ Սվետլանա Տիզենկոյի ընտանիքում։ Խառատյանները Մեղրիից են, մինչև 1917 թվականը դերասանի նախնիները Մեղրիում «Տարոն» առևտրի տուն ունեին։
Խառատյանը բազմիցս Հայաստան է այցելել։ Վերջին անգամ դերասանը Երևանում եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նա երկրպագուներին զարմացրել էր հայերենի իր իմացությամբ։ Թեև Խառատյանը մեկ քառորդով է հայ, Երևանում նա անընդհատ ընդգծում էր, որ ինքը հայ է։
Արտիստը բազմիցս ասել է. «Իմ գլխավոր դերը` որդու, հոր ու ամուսնու դերն է»։ Խառատյանը երկու անգամ է ամուսնացել, 2–րդ կնոջ` Մարինա Մայկոյի հետ նրանք արդեն 30 տարի միասին են։ Խառատյանն առաջին ամուսնությունից ունի դուստր` Ալեքսանդրա անունով, իսկ երկրորդ ամուսնությունից` որդի` Իվան անունով։