ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքում, բռնկած հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը։
«Այրվել են առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակները: Հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, ոչ մի սենյակ չի այրվել»,– ասաց նա։
Հրդեհի ահազանգին փրկարարները շատ արագ են արձագանքել, շենքում գտնվողները շատ արագ տարհանվել են:
«Որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի, կարծում եմ` ավելի ուշ մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,- նշեց Հարությունյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ էր ստացել, որ մամուլի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկել:
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 24-ամյա վարորդը մահացել է
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: