ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկրաշարժը գրանցվել է Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը կազմել է 10 կմ, մագնիտուդը՝ 2.4»,- նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3 բալ է եղել:
Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:
Ըստ ԱԻՆ-ի՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել նաև ժամը 05:28-ին։ Էպիկենտրոնային գոտում այդ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց
Հիշեցենք՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցման հաջորդ օրը Բավրայի ու Աշոցքի դպրոցներում դասեր չէին անցկացվել։