ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Վերջին շրջանում գեներալ, ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել. լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք առողջական վիճակի վատթարացման հետևանքով։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին։
«Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7–ին` մեր հայտարարությունից հետո։ Ընդ որում, իմ գնահատականին հաջորդել էր Եվրոպական դատարանի գնահատականը, ըստ որի` քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չէին տեղում բուժումը կազմակերպելու համար։ Հունիսից սկսած մենք այցելել ենք հիվանդանոց, փաստաբանների ու բժիշկների հետ կապի մեջ եղել. նրա վիճակը վերջերս վատացել էր»,–ասաց Թաթոյանը։
Հարցին` եթե խափանման միջոց կալանավորումն ազատ արձակմամբ փոխեին, դա կնպաստե՞ր, որպեսզի նրա վիճակն ավելի չվատանար, Թաթոյանը պատասխանեց` քանի որ գործը գտնվում է գլխավոր վարույթում, չի կարող գնահատական տալ։ Սակայն նա հիշեցրեց, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել է, որպեսզի Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի` առողջական վիճակից ելնելով։ Թաթոյանը նշեց նաև` քանի որ Գրիգորյանը հիվանդանոցում էր, «կալանքի պայմանները, մեծ իմաստով, ազդեցություն չէին թողնում»։
Մանվել Գրիգորյանին հնարավոր է` վերակենդանացման բաժանմունքից տուն տանեն
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է արդեն 1.5 տարի։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։
Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: