ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
«Դիտարկումն իրականացվել է հունվարի 16-ին։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:
«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։