Հրայր Ուլուբաբյանը հիշում է, որ Ադրբեջանը 1988-90թթ. իրականացրեց հայերի ցեղասպանություն, այն պարագայում, երբ հայերը խաղաղ ցույցերի ու ժողովների միջոցով որոշում էին կայացրել դիմել Հայաստանի, Ադրբեջանի ու միութենական ղեկավարությանը, որպեսզի ճիշտ լուծում տրվեր Արցախի խնդրին:
«Հայերի հանդեպ խտրական քաղաքականություն նրանք կիրառում էին նաև խորհրդային տարիներին, ինչի արդյունքում հայաթափվեց Նախիջևանը: Նույնը կատարվում էր Արցախում, սակայն երկրամասի բացարձակ մեծամասնություն կազմող հայությունը ոտքի կանգնեց, պայքարեց իր իրավունքների և անկախության համար: Ադրբեջանն, ի պատասխան այդ ամենին, իր ամբողջ տարածքում իրականացրեց հայկական կոտորածներ»,- նշում է Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը:
Հրայր Ուլուբաբյանի խոսքով՝ հայատյացությունն այսօր էլ ընկած է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Մյուս կողմից էլ Հայաստանը պանթուրքիզմի պլանների իրականացման ճանապարհին առաջին ու ամենամեծ խոչընդոտն է:
«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան
Հրայր Ուլուբաբյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է հետևողականորեն ու ավելի ակտիվորեն պաշտպանեն ադրբեջանահայերի ոտնահարված իրավունքները: Ըստ այդմ՝ գործը պետք է հասնի ու քննվի միջազգային դատարանում, տրվի ոճրագործության գնահատականը, այնուհետև լուծվեն փոխհատուցման հետ կապված բոլոր հարցերը: