ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Բաքվում իրականացված հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առնչությամբ։ Նա նշել է, որ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չի լինելու։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։
«Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990–ին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց և անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Բաքվի հայերը որևէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Այնուհանդերձ, Ադրբեջանը նրանց` միայն իրենց էթնիկ ծագման պատճառով, սպառնալիք էր ընկալում:
Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի
Փաշինյանը նշեց` հայերը Բաքվում ապրել են դարեր շարունակ և այդ քաղաքին տվել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման և զարգացման գործում:
Սակայն հիմա` դեպքերից 30 տարի անց, ըստ ՀՀ վարչապետի, Ադրբեջանում չեն հարգում Բաքվի հակահայկական ջարդերի զոհերին։ Անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան։ Հայատյացությունը, Փաշինյանի խոսքով` դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը։
«Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողությունից` ի պատասխան Ալիևի արած հայտարարության
Փաշինյանը նաև երախտագիտություն հայտնեց բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:
«Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի հունվարի 13-15-ը: 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները և ծեծ ու բռնարարքներ սկսեց։
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը
Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների հետևանք են։
1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Դրանից հետո հայերն ամբողջությամբ լքեցին քաղաքը և ամբողջ Ադրբեջանի ԽՍՀ-ն: Հունվարի 20-ի գիշերը 147 մարդ զոհվեց: Կատարվածի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել: