Նարեկ Խաչատրյան, Sputnik Արմենիայի համար
Ի՞նչ արժեր ամանորյա սեղանը 1991–ին և հիմա։ Կան տարբեր մեթոդներ խորհրդային ռուբլին հայկական դրամի վերածելու։ Բայց կա մեկ այլ տարբերակ` որպես չափման միավոր ընդունել մեկ կիլոգրամ տավարի մսի գինը։
Անձնական արխիվում 1991թ.-ի դեկտեմբերի 25-26-ի երևանյան շուկաների նախատոնական միջինացված գներն ունեի պահած: Քանի որ «Ագրոլրատու» թերթը 2012-2014 թթ.–ին պարբերաբար հրապարակում էր նման գներ, որոշեցի համեմատական զուգահեռներ անցկացնել ԽՍՀՄ վերջին օրերի, հինգ տարի առաջվա և այսօրվա գների միջև:
«Չարազը» մնաց թանկ, բայց...
1991–ի նախաամանորյա սննդից ամենաթանկը, թերևս, ինչպես և հիմա, «չարազեղենն» էր` ընկույզի միջուկն ու ալանին: Երկուսի կգ-ն էլ տատանվում էր 140-150 ռուբլու շրջանակում, իսկ տավարի մսի կգ-ն արժեր 45 ռուբլի: Հետևաբար, «չարազը» թանկ էր տավարի մսից 3-3.5 անգամ: 2014թ.-ի վերջին օրերին պատկերը դեռ նույնն էր. տավարի մսի կգ-ը միջինում արժեր 2500 դրամ, մաքրած ընկույզն ու ալանին` 8-9 հազար։ Բայց վերջին տարիներին մեծ քանակով ընկույզի միջուկ է ներկրվում (հատկապես Ուկրաինայից), և դրա գինը նվազել է մինչև 3.5-6 հազար, մինչդեռ տավարի մսի գինը գրեթե չի փոխվել (2600 դրամ)։ Այսպիսով` ալանին մսից եռակի թանկ է եղել ու մնացել, իսկ ընկույզի միջուկը հիմա թանկ է հազիվ կրկնակի, քանի որ վերջին տարիներին էժանացել է 25-30%-ով:
Իսկ ահա չամիչն արժեր 80 ռուբլի, մսից գրեթե կրկնակի թանկ: Հիմա` ճիշտ հակառակը. միսն է կրկնակի թանկ չամիչից:
Արդեն էկզոտիկա չէ
Աչքի է զարնում հատկապես ցիտրուսների գների նվազումը: 28 տարի առաջ շուկայական հարաբերությունները նոր միայն սաղմնավորվում էին և ցիտրուս (և ոչ միայն ցիտրուս) քիչ էր ներկրվում: Նարինջն ու մանդարինի մի մասը (որը չէին բավարարում Վրաստանն ու Միջին Ասիան) բերում էին Մարոկկոյից: Հիմա ներմուծման աշխարհագրությունը շատ է ընդլայնվել:
Սովետմիության օրերից Նոր տարվա խորհրդանիշ համարվող մանդարինի կգ-ն 1991-ին 30 ռուբլի էր` մոտ 30%-ով էժան տավարի մսից: Այսօր նույնիսկ ընտիր մանդարինը կարելի է գնել 600-650 դրամով, այսինքն` ոչ թե տոկոսներով, այլ անգամներով է (չորս ու ավելի անգամ) էժան տավարի մսից: Գրեթե նույնն էր նաև 2014թ.-ին:
Նարինջը 91-ին արժեր 50 ռուբլի, 2014թ.-ին՝ 700-1000 դրամ, այսօր՝ 500 դրամ: Այստեղ էժանացումն էլ ավելի ցայտուն է, քան մանդարինի դեպքում: 1991-ին 1 կգ միսը համարժեք էր մոտ 900 գրամ նարնջին, 2014 թ.-ին` 2.5-3 կգ-ին, իսկ այսօր 1 կգ միսը համարժեք է ավելի քան 5 կգ նարնջին:
Կիտրոնն արժեր 10 ռուբլի, այսինքն` 1 կգ մսին «գալիս էր» 4,5 կիտրոն: 2014թ.-ին էլ, այսօր էլ կիտրոնի հատը միջինում արժե 200 դրամ, այսինքն` 1կգ միսն արժե արդեն 12-13 կիտրոն:
Էժանացել է նաև երբեմնի դելիկատես արքայախնձորը: Դրա կգ-ն 30 ռուբլի էր` մսից 30%-ով էժան: Այսօր արքայախնձորի կգ–ն 1200 դրամ է` մսից 55%-ով էժան:
Բա խուրմա՜ն
Այն ժամանակ շուկայում ամենաթանկ մթերքից մեկը խուրման էր` ավելի քան եռակի թանկ էր տավարի մսից: Իսկ այսօր ընտիր խուրման կարելի է գնել տավարի մսից կրկնակի էժան՝ 1200-1500 դրամով:
Իշխանի «նյուանսը»
Իշխան ձուկը 1991թ.-ի դեկտեմբերի վերջին օրերին արժեր հատը 30 ռուբլի (կշռում էր 600-800 գրամ): Կգ-ի հաշվարկով իշխանն ավելի թանկ էր տավարի մսից: 2014թ.-ին իշխանի կգ-ն արժեր 2200-2300 դրամ` արդեն շուրջ 10%-ով էժան տավարի մսից:
Իսկ այսօր այն արժե 2400 դրամ: Բայց կա մի էական հանգամանք. ժամանակին այն Սևանի իշխան էր, իսկ հիմա` արհեստական լճերի:
Ձուն ու պանիրը
1991թ. դեկտեմբերի վերջին օրերին ձվի հատը վաճառվում էր 3 ռուբլով, այսինքն` 15 ձուն համարժեք էր մեկ կգ տավարի մսին: 2014թ. դեկտեմբերի վերջերին մեկ ձուն արժեր 75 դրամ, այսինքն` մեկ կիլոգրամ միսը` 35 ձու: Իսկ հիմա ձվի հատը միջինում 55-60 դրամ է, այսինքն` մեկ կգ միսն արժե 44-45 ձու` նախկին 15–ի փոխարեն։ Հասկանալի է, որ սա պայմանավորված է հանրապետությունում թռչնաֆաբրիկաների թվի աճով:
«Պետք է դուխ տալ հայկական բիզնեսին». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չկոտրել հայ գործարարներին
Պանիրը միջինում արժեր 50 ռուբլի: Այն ժամանակ պանրի մի քանի տեսակ կար, մինչդեռ այսօր` տասնյակներ։ Այդուհանդերձ, ամենատարածվածը եղել և մնացել է Լոռին, որի 1 կգ-ն 2400-3000 դրամի սահմանում էր թե՛ հինգ տարի առաջ, թե՛ հիմա: Կարելի է ասել` այս տարիների ընթացքում պանիրը տավարի մսի հետ գրեթե համընթաց էր «քայլում»:
Լավաշի ու կարագի տարբեր ճակատագրերը
Լավաշի հատն արժեր 3 ռուբլի (12 հատ լավաշ` 1 կգ միս): 2014 թ.-ին լավաշի 12 հատն արժեր 1600-1800 դրամ, այսօր` 1500 դրամ (12 հատ լավաշ` 600 գրամ միս): Այսինքն` լավաշը մսի համեմատ փոքր–ինչ թանկացել է։ Այլևս մի պետության մեջ չենք, և ցորենը ստիպված ենք գնել ոչ թե պլանային, այլ շուկայական պայմաններով:
Իսկ ահա կարագի համեմատական արժեքը ներմուծման շնորհիվ իջել է: 91թ.-ին կարագի կգ-ն 100 ռուբլի էր և համարժեք էր 2,2 կգ մսի: 2014 թ. դեկտեմբերին ամենատարածված «նորզելանդական» կարագը «Երևան սիթի»-ում վաճառվում էր 2600 դրամով` գրեթե մսի արժեքով: Այսօր նույն «Սիթի»–ում վաճառվում է 3900–ով` 30%-ով թանկ տավարի մսից (բայց միևնույնն է` ոչ կրկնակի թանկ, ինչպես տարիներ առաջ):
Եվ վերջապես...
Խոզի միսն արժեր 35 ռուբլի` տավարի մսի մոտ 80%-ը: 2014թ.-ին խոզի միսը նվազագույնը 20-30%-ով թանկ էր տավարի մսից, այսօր` 5-10%–ից մինչև 20%-ով էժան է:
Հաջորդ Ամանորը պետք է սկսել պլանավորել արդեն այսօր. Փաշինյանը գոհ է 2019-ից
Նշյալ հրապարակումը նպատակ չէր հետապնդում ցույց տալ, թե կյանքը թանկացել կամ էժանացել է: Սակայն ակնհայտ է, որ գների փոփոխությունները, որքան էլ էական են, միշտ ունեցել են շուկայական տրամաբանություն: Արևադարձային մրգի առաջարկն ավելացել է, կարագինը` ևս, ձվի շուկան ծածկվել է տեղական արտադրանքով։ Իսկ ահա մսի ու ալյուրի դեպքում շուկայի կանոնները, 1991-ի համեմատ, թանկացում են թելադրել։