ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տեղում պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է մասնավոր ինժեներական տեխնիկա (մեկ տրակտոր):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել՝ 11:33-ին:
Դեպքի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: