ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Դատավոր Գագիկ Պողոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն. Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը»,– գրել է նա:
Աթանեսյանը նշել է, որ որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:
2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան
Փանոսյանի դեմ հարուցված քրգործը, մասնավորապես, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալության հանձնել նոտարներին: