ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. 16–ամյա Սառա Կարապետյանի սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104 հոդվածի 2–րդ հոդվածի 8–րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով)։ 26–ամյա Ռաֆայել Սուքիասյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։ Տղամարդն ընդունել է մեղքը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ ՔԿ–ն Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հունվարի 6–ին, երբ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Սուքիասյանին, նրա մոտ պլանշետ են գտել, որը պատկանել է սպանված աղջկան։
Հիշեցնենք, որ հունվարի 5–ին` ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության խումբն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովայի պողոտայի 15-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Սառա Կարապետյանի դին։
Հայտնի է, որ Սառան եղել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքից։ Արտաշատում ապրել է մոր, մորաքրոջ և տատիկի հետ։ Սայաթ–Նովայի բնակարանը վարձակալել են մեկ օրով։
Կասկածյալը` Ռաֆայել Սուքիասյանը, Գյումրի քաղաքից է, նա երկար ժամանակ դիջեյ է աշխատել Գյումրու Marrakesh ակումբում։ 2019թ–ի սեպտեմբերից Սուքիասյանն աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում, որտեղ զանգեր ընդունող օպերատոր է աշխատել։
Երևանում 16-ամյա աղջկա սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ