50-ամյա Անդրանիկ Մարությանը երկու տարի է, ինչ տաքսի է վարում։ Ամանորյա տոներին` դեկտեմբերի 25-ից սկսած, Մարությանը ղեկի դիմաց է նստում Ձմեռ պապի կերպարանքով։ Ասում է` ուղևորներն իրեն տեսնելիս նախ զարմանում են, հետո` ոգևորվում։
«Նկարվում են ինձ հետ, վիդեոներ անում, զանգում, պատմում ընկերներին, որ իրենց Ձմեռ պապն է տուն տանում։ Չեք պատկերացնի` որքան եմ ուրախանում, երբ տեսնում եմ մարդկանց ոգևորությունը։ Ամբողջ տարվա դրական լիցքեր եմ կուտակում այս մի քանի օրում», – պատմում է նա։
Թեև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ազգանվանակիցը նրա հետ ոչ մի կապ չունի, բայց սիրում է ասել. «Ես Հայկ Մարությանի հորեղբայրն եմ»։ Ու նրա ասածի մեջ սուտ չկա, որովհետև եղբորորդու անունն իսկապես Հայկ է։
«Բոլորս ուզում ենք, որ մեր երկրում լավ լինի, արտագաղթը դադարի, մարդիկ լավ աշխատանք ունենան, երջանիկ ապրեն։ Քաղաքական հեղափոխությունը լավ է, բայց մշակութային, մարդկային հեղափոխություն էլ է պետք։ Գիտե՞ք` իմ մտքով երբ անցավ Ձմեռ պապ դառնալ։ Երբ տեսա, թե մարդիկ ինչ զզվանքով են Նոր տարվա առևտուր անում։ Հեչ տոնական տրամադրություն չունեն։ Ես էլ մտածեցի` ինչ կարող եմ ինքս անել տոնը տոն պահելու համար», – մանրամասնում է Ձմեռ պապիկ–վարորդը։
Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն
Մարությանի խոսքով` ամենազավեշտալին ԱԻՆ–ի մի աշխատողի աշխատանքի տանելն էր։ Ձմեռ պապիկին հրավիրել էին նախարարություն, նկարվել հետը։ Ձմեռ պապն էլ «անիծել էր» նրանց` մաղթելով, որ գալիք 2020 թվականին զանգեր և աշխատանք չունենան։
Ձմեռ պապը երևանյան փողոցներով տաքսի կվարի մինչև հունվարի 13-ը։ Հունվարի 14-ից նա կհանի շոգ կոստյումն ու մորուքը, բայց իր զրույցներով ու տրամադրությամբ կշարունակի իր ուղևորներին դրական էներգիա փոխանցել։