ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Այդ մասին նշված է ԱԱՏՄ–ի տարածած հայտարարության մեջ։
«Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում»,– հիշեցնում է տեսչական մարմինը։
Արգելվում է ջեռուցումը վառարաններով, իսկ դասասենյակները պետք է լիարժեք օդափոխել դասամիջոցներին։
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել
Ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում պետք է լինի առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս։
Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան:
Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ: