Արցախի Հանրապետության շահերը պետք է ներկայացնեն նրա ներկայացուցիչները։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ Նրա խոսքով` դա բավականին հստակ արձանագրվել է, ինչից հետո հայկական կողմը քայլեր է ձեռնարկել բանակցություններում եռակողմությունը վերականգնելու համար:
«Ադրբեջանի համար սա, բնականաբար, ձեռնտու տարբերակ չէ, որովհետև Բաքուն խնդիրը ներկայացնում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև և չի ճանաչում ԼՂՀ-ն՝ նշելով, որ Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը: Եթե Ադրբեջանն Արցախին ճանաչի որպես առանձին սուբյեկտ, ապա, այսպես կոչված, օկուպացիայի տրամաբանությունը կխարխլվի, ինչը չի բխում նրանց շահերից, ուստի Ադրբեջանն ամեն կերպ կառչած կմնա բանակցությունների ներկա ձևաչափից»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մյուս կողմից փորձում է բերել այն հակափաստարկը, որի համաձայն՝ ներառականությունը պետք է դիտարկել համայնքային մոդելի շրջանակում: Ըստ այդմ՝ Բաքուն պնդում է, որ Ղարաբաղում եղել են երկու համայնքներ, ուստի բանակցություններին պետք է մասնակցի նաև ադրբեջանական համայնքը:
«Բաքուն նույնիսկ ադրբեջանական համայնք կոչվող միավորում է ստեղծել և ակնկալում է, որ Արցախի ընտրված իշխանությունները պետք է բանակցեն հասարակական կազմակերպության հետ, ինչը աբսուրդի ժանրից է: Նրանք այդ ՀԿ-ն նախորդ տարի ենթարկեցին ռեբրենդինգի՝ ղեկավար նշանակելով ԱԳՆ-ի դիվանագետի, որը կարող է ներկայանալ տարբեր միջոցառումների, գործուղվել արտասահման և կազմակերպել տարաբնույթ հանդիպումներ, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահների հետ»,- նշում է քաղաքագետը:
Ամեն դեպքում փորձ է արվում նշված ՀԿ–ի ղեկավարին մատուցել որպես ադրբեջանական համայնքի շահերի ներկայացուցիչ, մինչդեռ նա ու կազմակերպության մյուս անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են և մասնակցում են այդ երկրի համապետական ընտրություններին, հետևաբար նրանց շահերի պաշտպանը Իլհամ Ալիևն է, ու նրա պատվիրակության մեջ կարող է լինել ցանկացած ոք, մինչդեռ այդ մարդիկ, Մինասյանի համոզմամբ, չեն կարող լինել առանձին սուբյեկտ, առավել ևս, որ Արցախի հետ որևէ առնչություն չունեն: Իսկ Արցախը միանշանակ որպես առանձին կողմ պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցային գործընթացի բովանդակային քննարկումներին: