ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Արցախի ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից նետել է ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը: Արցախի պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։
«Հարկ ենք համարում նշել, որ նախքան տվյալ հրապարակումը, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները: Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգը սահմանված է ՊԲ հրամանատարի կարգադրությամբ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում է նաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ–ն հայտնում է, որ ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:
«Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը` վերջինս զորամասի հրամանատարի որոշմամբ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»,– հայտնում է նախարարությունը:
ՊԲ հրամանատարությունը կատարվածի առնչությամբ համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը:
Հաշմանդամ զինծառայողների իրավունքը վերականգնվեց. փոխհատուցում կստանան բոլորը