ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն՝ նախկին Խարկով, գյուղի միակ բնակիչը՝ Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանը, պարգևատրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրով և դրամական պարգևով` 500 հազար դրամի չափով։
83- ամյա տատին շնորհակալագիրն հանձեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր կայացած մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ։ Շնորհակալություն հայտնելով` Վահանդուխտ տատիկը խնդրեց բարեկարգել դեպի գյուղ տանող ճանապարհը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։ Ի դեպ, տատիկը բավական երկար տարիներ Խարկով գյուղի միակ բնակչուհին է։ «Սկեսուրս է «օսյաթ» արել մնալ գյուղում »,-Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց տատիկը։
Վահանդուխտ տատը գյուղ հարս է եկել ավելի քան 60 տարի առաջ Արմավիրի Սարդարապատ գյուղից և, սիրահարվելով գյուղին, մնացել է այնտեղ մինչ օրս։
Գյուղը միանգամից չի դատարկվել, այլ քայլ առա քայլ։ «Սկզբում էր դժվար, հիմա արդեն սովորական է դարձել։ Զբաղվում եմ մեղվապահությամբ ու հողագործությամբ, հյուրերի պակաս էլ չունեմ »,-պատմում է տատը՝ վստահեցնելով ՝ամենապաշտպանված մարդն է իրեն զգում՝ գյուղը ռուս ու հայ սահմանապահների հսկողության տակ է։
Նշենք, որ Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Սահմանային այս գյուղը մտնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն սահմանապահ ջոկատից, որը ստանալը երկարատև գործընթաց է։ Լքված գյուղի միակ պահապանը Վահանդուխտ տատն է: Առանց պատարագի ու ժամերգության էլ Վահանդուխտ տատը պահպանում է գյուղի միակ սրբավայրում ամեն կիրակի մոմ վառելու ավանդույթը: