ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ռազմական արդյունաբերության հատկացումներն 2020թ–ին կրկնակի կավելանան։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Երեք ռազմավարություններ են մշակվել՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն հանրային քննարկման են դրված,– ասաց նախարարը։
Արշակյանը կարևորեց այն հանգամանքը, որ ռազմական արդյունաբերությունը ՊՆ–ից իր ղեկավարած նախարարության ենթակայությանը փոխանցելով, կառավարությունը, փաստորեն, առանձնացրել է արտադրողին ու սպառողին։
«Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, երբ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաներն ու հնարավորությունները կիրառելով, ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ, զենք-զինամթերքի արդիականացման քայլեր իրականացնել։ Եվ ունենք ՊՆ, որի խնդիրը պաշտպանությունն ապահովելն է: Սա շատ կարևոր փոփոխություն է, արտադրողը և սպառողը տարանջատվել են, սա պոզիտիվ զարգացում է»,- նշեց Արշակյանը։
Այս նախարարությանը հատկացված բյուջեի տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ ֆինանսավորում է տրամադրվել ռազմարդյունաբերական համալիրին։ Արշակյանի խոսքով` այդ գումարն օգտագործվել է տեխնոլոգիական նոր մշակումներ, պրոյեկտներ ստեղծելու համար։
Իսկ 2020թ–ին ռազմարդյունաբերության բյուջեն կրկնակի ավելանալու է։
«Մինչ այժմ ֆինանսավորումն իրականացվել է գիտահետազոտական աշխատանքների իրականացման տեսանկյունից, 2020թ-ին մենք նախատեսել ենք նաև կապիտալ ծախսեր, որը նշանակում է, որ համալիրում կապիտալ ներդրումներ նույնպես կունենանք»,– ընդգծեց Արշակյանը։
ՏՏ ոլորտի շրջանառությունը փոքր է. Հայաստան է գալիս միայն աշխատավարձը. նախարար
2020թ–ի բյուջեով ռազմարդյունաբերական համալիրին կապիտալ ծախսերի համար հատկացվել է 2.5 մլրդ դրամ, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների համար` 3.8մլրդ դրամ։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015-18թթ.–ին Հայաստանի ՏՏ ոլորտը շուրջ 28 տոկոս աճ է արձանագրել: