ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նա, ինչպես նաև նույն հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը ձերբակալված են։
ՔԿ–ում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նշված անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։
Մեկ այլ անձի, ինչպես նշված է հաղորդագրության մեջ` Երևանի 43–ամյա բնակչուհու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` երկու կամ ավելի երեխաների վաճառքը։
Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։Մասնավորապես, 2009թ.–ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։