ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի համար ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
«Մի շարք հարցերում կան նախնական պայմանավորվածություններ, իսկ որոշ հարցեր մնացել են։ Տարբեր մակարդակներում բանակցություններ են ընթանում, քննարկվում են Հայաստանում գազի սպառման կանխատեսելի ծավալները և գազատրանսպորտային ցանցում ներդրումները», – նշեց նա։
Նրա խոսքով` գազի սակագնից է կախված, թե ինչպիսի աշխատանքներ և ինչպիսի ծավալով կարելի է անցկացնել համակարգում։ Առայժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ–ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ–ին։ Առաջիկա հինգ տարում (2020-2024թթ.) ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 130 միլիոն դոլար, բայց առաջին տարում սակագնի անորոշության պատճառով ներդրումներ ավելի քիչ են նախատեսված։
«Բնականաբար, մենք առայժմ չգիտենք, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն», – պարզաբանեց Թադևոսյանը։
Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ
Այն հարցին, թե երբ կավարտվեն բանակցությունները և երբ սպասել նոր սակագին, Թադևոսյանը հիշեցրեց, որ այդ մասին արդեն արտահայտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թադևոսյանի խոսքով` առայժմ փոխվարչապետի ասածին ավելացնելու բան չունի։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։
Հայաստանում գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա. ՀՀ փոխվարչապետ
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի սակագինը Հայաստանի համար 1000 խմ–ի դիմաց 150–ից հասավ 165 դոլարի։ Սակայն վերջնական սակագինը սպառողների համար դեռ նույնն է (տարբերությունն իր վրա է վերցրել «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն` «Գազպրոմ Արմենիան»)։