ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը կարող է քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա խոսքով՝ անկախ այն բանից՝ որքան ուժեղ են ուզում ճնշել Անկարային, այն բանից, թե ինչ գործոններ են հանգեցրել այդ որոշմանը, կարևոր է, որ որոշումը միաձայն էր։ Նույնիսկ Ներկայացուցիչների պալատում 13-ը «դեմ» էին քվերակել։
Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։
Նադեին-Ռաևսկին նշեց, որ այս բանաձևը օրենք չէ ու իրավական պարտադիր ուժ չունի, այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը չի կարող հաշվի չնստել սենատորների դիրքորոշման հետ։
«Թրամփը ստիպված է հաշվի առնել օրենսդիր մարմնի կարծիքը, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատների, այլև իր կուսակիցների։ Այս բանաձևը և՛ Հանրապետական, և՛ Դեմոկրատական կուսակցությունների դիրքորոշման դրսևորումն է։ Հարյուրտոկոսանոց քվեարկությունը չափազանց լուրջ բան է», - վստահեցրեց Նադեին-Ռաևսկին։
Նրա կարծիքով` Հայոց ցեղասպանության հարցում ամերիկացիների դիրքորոշման փոփոխությունն անպայման կհանգեցնի նրան, որ դաշնակից երկրներն էլ նմանատիպ արձագանք տան։ Իսկ ԱՄՆ–ն բազում դաշնակիցներ ունի` այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաները, և այն պետությունները, որոնք օգնություն են ստանում ԱՄՆ-ից։
ԱՄՆ-ի գործընկերները տարիներ շարունակ տատանվել են` սեփական վերաբերմունքն արտահայտե՞ն այս խնդրի վերաբերյալ, թե՞ ոչ։ Սակայն հիմա, քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ-ի «արբանյակների» համար սա կարևոր ազդակ կլինի։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12–ին ընդունված բանաձևը ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում իրագործված եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, սակայն Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այդ իրողությունն ու դրան առնչվող մեղադրանքները։