ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը և նշել, որ արդարությունը մշտապես կարող է սպասել իր հաղթանակին։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի Facebook-ի պաշտոնական էջում։
«Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսած և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան»,- գրված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս շնորհակալություն են հայտնել ԱՄՆ Սենատին պատմական իրադարձության կապակցությամբ։
ՀՀ վարչապետն առանձնակի երախտագիտություն է հայտնել բոլոր այն սենատորներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին։ Փաշինյանի խոսքով` ԱՄՆ կոնգրեսում բանաձևի ճանաչումը գործնականում հասունացել էր, քանի որ նահանգներից յուրաքանչյուրի ղեկավար մարմնի մակարդակով Ցեղասպանության փաստն արդեն իսկ ընդունվել էր։
Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությամբ`Սենատի քվեարկության արդյունքները արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը ծառայելու վճռորոշ քայլ է և հարգանքի տուրք` զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը:
Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 12–ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։
Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Ցեղասպանությունը. Սամանթա Փաուեր
Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության անունից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։