Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ պետական համակարգն իրականում անկարող է ռազմավարություններ մշակել, կոնկրետ կարիքներ գնահատել, և գրանցված տնտեսական բոլոր ցուցանիշներն արվել են ի հեճուկս ՀՀ պետական համակարգի։
Արմեն Բադալյանի կարծիքով՝ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանության եկած նոր թիմը պետք է 15-20 տարվա կտրվածքով տար Հայաստանի զարգացման տեսլականը և նշեր, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան որպես իրավական պետություն, ինչպիսի՞ կառավարման մեխանիզմներ է ունենալու, և, ի վերջո, ինչպե՞ս է իրեն դրսևորելու պետական կառավարման համակարգը:
«Փաշինյանի թիմն այդ տեսլականը չի տվել և միայն զբաղված է օպտիմալացմամբ: Բնական է, որ պետական կառավարման համակարգն էլ չի հասկանում, թե ինչ պետք է անի այս ընթացքում: Վարչապետը չի տալիս տեսլականը, բայց պահանջում է, որ պետական կառավարման համակարգը չդիմադրի հեղափոխությանը»,- նշում է Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ համակարգը չի կարող այդպես առաջնորդվել: Նախ պետք է ասվի, թե ինչ են ուզում, նոր տեսնեն, թե համակարգն ունի՞ արդյոք այդ ուղղությամբ շարժվելու ներուժ: Առանց կոնկրետության մարդիկ պետական կառավարման համակարգում չգիտեն՝ ու՞ր գնան, ի՞նչ անեն: Հենց այստեղ է ծագում կոնֆլիկտը, որի պատճառը հստակ տեսլականի, երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի բացակայությունն է:
Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում
Անդրադառնալով այն կարծիքին, թե կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված հաջողությունների ֆոնին նույնիսկ իրավական համակարգն է դիմադրում հեղափոխությանը, Արմեն Բադալյանը նշում է, որ ուժային կառույցների ղեկավար պաշտոններում Փաշինյանը նշանակել է իր թիմակիցներին, ուստի տարակուսելի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կա, սակայն դիմադրություն է նկատվում իր կողմից ղեկավար պաշտոններում նշանակված անձանց գերատեսչություններում:
Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս ամենից հետո վարչապետը պետք է կատարի համապատասխան ու համարժեք կադրային փոփոխություններ: