ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած աշխատատեղերից մի մասի պարագայում գործ ունենք սեզոնային գործոնի հետ. հոկտեմբերը կամ դեկտեմբերը մայիսի հետ չի կարելի համեմատել, քանի որ Հայաստանում տնտեսական ամենաբարձր ակտիվությունը գրանցվում է տարեվերջում, ամենացածրը՝ տարեսկզբին: Նույնը վերաբերում է աշխատատեղերի քանակին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Սեզոնային գործոնի ազդեցությունը բավականին մեծ է։ Մոտավորապես 80 հազարից պայմանականորեն 30-40 հազարն ավելի շատ պայմանավորված է սեզոնային գործոնով: Որպեսզի հասկանանք սեզոնային գործոնի քաշը` պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատենք: Այստեղ մենք դեռ չունենք հրապարակված հստակ տվյալներ: Վարչապետն իր ներկայացրած տվյալները ստացել է ՊԵԿ-ից, իսկ ԱՎԾ-ի տվյալները դեռ չկան»,-նշեց Հրանտ Միքայելյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այն, ինչ կարելի է համեմատել, թույլ է տալիս եզրակացնել, որ կա մոտ 49 հազարի աճ, այլ ոչ թե 80 հազարի: Ընդ որում, սեզոնայնությունը բնորոշ է նաև առանձին ոլորտներին, օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն:
Յուրաքանչյուր ոլորտում արտահայտվածությունը տարբեր է, բայց Հայաստանի տնտեսությունում սեզոնայնության արտահայտվածությունը շատ մեծ է:
«Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ ունենք ստվերից դուրս բերված աշխատատեղերի մի զգալի հատված: Այս աճը պայմանականորեն կարող ենք գնահատել 35 հազարի չափով: Դեռ անցյալ տարեվերջին ստվերից դուրս բերված աշխատատեղերը երևացին. համենայն դեպս, դրանց մեծ մասը, իսկ մնացածը նոր ստեղծված աշխատատեղերն են»,-նշում է Հրանտ Միքայելյանը:
«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել
Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետի ներկայացրած 81 հազար աշխատատեղերը կարելի է բաժանել առանձին հատվածների, իսկ ինչ վերաբերում է բարձր աշխատավարձով տեղերին, ապա դրանց թվաքանակը մեծ բաշխվածություն չունի: