ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՍԴ դատավորների ինքնակամ հեռանալու մասին օրինագիծն իշխանության «մեկնած ձեռքն» էր։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Մելոյան. «ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես ճգնաժամ»
Այսօր ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին օրինագիծը։ «Կողմ» են քվեարկել 82, «դեմ»` 34 պատգամավոր։
«Հայաստանը, կարելի է ասել, գրավված էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Քաղաքական առումով` այս երկու մարդիկ ստեղծում էին երկիր, որը պետք է ծառայեր սկզբում Քոչարյանին, հետո` Սարգսյանին ու այդպես` նորից ու նորից։ Դատական համակարգն այդ ռեժիմի մի մասն էր, այն աշխատում էր դրան ծառայելու համար»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` հենց այդ պատճառով է, որ ԶԼՄ–ները բազմիցս խոսել են քաղբանտարկյալների ու Բաղրամյան 26 կատարած զանգերի մասին։
Հենց այդ պատճառով էլ դատական համակարգի մեծ մասը պետք է վերանայվի։
«Հայաստանի ժողովուրդը փոխել է իշխանությունը, օրենսդրական մարմնի հետ խնդիր առաջացավ, Հայաստանի ժողովրդին կանգնեցնելու փորձ արվեց... Հիմա էլ դատական համակարգը խնդիր ունի, և դա արձանագրում են ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչները», –ասաց Սիմոնյանը։
Սակայն երբ այդ հարցի լուծմանն ուղղված քայլ էր արվում, իշխանությանը մեղադրում են, որ այն ուզում է համակարգն իրեն ենթարկել։Բայց եթե իշխանությունը նման բան ուզենար, կթողներ ամեն ինչ այնպես, ինչպես կա։
Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր
«Մենք ուզում ենք ստեղծել դատական համակարգ, որը կգործի անկախ` ինչպես իշխանության երրորդ ճյուղ»,–նշեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է դատավորներին թոշակի անցնելու առաջարկությանը, ապա նրա խոսքով` դա պետք է գնահատել որպես «մեկնված ձեռք»։
«Ձեռքը մեկնված է, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ»,–ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ նախագիծը լուրջ հասարակական ու քաղաքական իրարանցում է առաջացրել, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ օրենքը նպատակ ունի հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, որը Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչն է։ ՍԴ նախագահի հեռացումը Սահմանադրական դատարանի լիազորություններից է, սակայն ներկայիս կազմը չաջակցեց իրենց ղեկավարի դեմ իշխանության նախաձեռնած իմպիչմենտին։