ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Facebook անցի իր էջում Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` իր գրառումը վերնագրելով «700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը»։
«Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է: Չմոռանամ հիշեցնել, որ Երևանում մոտ 4 հազար 500 վերելակ կա, որոնց զգալի մասը վաղուց արդեն չպիտի շահագործվի, իսկ մի մասն էլ ուղղակի «մահվան վերելակներ» են: Մինչդեռ, 2019 թվականին քաղաքապետարանը գնել է ընդամենը 20 վերելակ, և յուրաքանչյուր համայնքի հատկացրել 2 վերելակ: Դե, չհաշվենք էլի, որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել: Քաղաքի բազմաթիվ փողոցների լուսավորության ու սանմաքրման մասին էլ համեստաբար լռենք»,– գրել է նա:
Զոհրաբյանը նշել է նաև, որ ըստ մամուլի` Նոր տարվա միջոցառումների շրջանակում Երևան հրավիրված Գորան Բրեգովիչի հոնորարն էլ 290 հազար դոլար է:
«Եկեք դեռ չհավատանք մամուլին ու սպասենք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ կոմպլեքսի ինչ-որ նոր տեսակ։ Չգիտեմ ու չի էլ հետաքրքրում: Բայց երբ երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի, ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթի» ես անում, մի տեսակ անամոթության է նմանվում: Ի վերջո, տոնը ծախսած գումարի չափով չի որոշվում, այլ քաղաքացու տրամադրությամբ և տոնին հաղորդակից լինելու ցանկությամբ: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ամեն օր «մահվան վերելակով» վերև-ներքև անող քաղաքացին ծափ է տալու 700 հազար դոլարանոց «տոնածառ փարթիին»»,,– գրել է Զոհրաբյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։
Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները