Հայաստանում փորձ է արվում վերականգնել ադամանդագործության խորհրդային ավանդույթները։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում կայացավ ադամանդի մշակման նոր գործարանի բացման արարողությունը: Ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԽՍՀՄ–ի տարիներին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գործող ադամանդի վերամշակման խոշոր գործարանի փոխարեն այսօր այդ մարզում արդեն շուրջ 1 տասնյակ մեծ ու փոքր ձեռնարկություններ են գործում։
Այդուհանդերձ, հաջողություններն առայժմ ցանկալի մակարդակի չեն։ 2018թ–ից Հայաստանից ադամանդի արտահանման ծավալները, ըստ պաշտոնական տվյալների, նվազել են։ Եթե 2017թ–ին արտահանումը կազմել էր 96 մլն 560 հազար դոլար, ապա 2018թ–ին` 77 մլն 240 հազար դոլար։ 2019թ–ի սեպտեմբերի տվյալներով ևս` այս ոլորտում անցյալ տարվա համեմատ անկում է գրանցվել։
Չնայած դրան` հայ ադամանդագործներին հաջողվել է ամրապնդել դիրքերը ԵԱՏՄ–ի, մասնավորապես` ռուսաստանյան շուկայում։
2019թ–ի առաջին 8 ամիսների տվյալներով` Հայաստանից ՌԴ է արտահանվել 33.2 մլն դոլար արժողությամբ մշակված ադամանդ։
Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել ՌԴ ադամանդի շուկայում ավանդաբար առաջատար համարվող Չինաստանից։