ՀՀ քաղաքացիներն առաջիկայում կկարողանան նույնականացման քարտերով մեկնել արտերկիր։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։
«Շուտով օրենքի նախագիծ է դրվելու շրջանառության մեջ։ Դրանով նախատեսվելու է, որ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվելու է նաև ճամփորդական փաստաթուղթ»,– ասաց Բիչախչյանը։
Ի դեպ, նման երկկողմ պայմանագիր Հայաստանն արդեն ունի Ղազախստանի հետ։ Այսինքն` օրենքի ընդունումից հետո երկու երկրների քաղաքացիները միմյանց երկրներ կկարողանան այցելել ներքին օգտագործման փաստաթղթերով, տվյալ դեպքում` նույնականացման քարտերով։
Բիչախչյանը, սակայն, լավատես է ու կարծում է, որ հետագայում նույնաբովանդակ պայմանագրեր կստորագրվեն նաև այլ երկրների հետ։
Նույնականացման քարտերի օգտին է խոսում այն հանգամանքը, որ այն ավելի դիմացկուն է, քան անձնագիրը, համեմատաբար ավելի ուշ է մաշվում, պարունակում է նաև հանրային ծառայության համարանիշ, էլեկտրոնային ստորագրություն։
«Այսօր աշխարհն առաջ է գնում, զարգանում է էլեկտրոնային կառավարման համակարգը։ Այս առումով նույնականացման քարտն ավելի հարմար փաստաթուղթ է քաղաքացու համար, քան բիոմետրիկ անձնագիրը»,– ասաց մեր զրուցակիցը։
Զրույցի ընթացքում չի շրջանցվել նաև ՀՀ քաղաքացիների հաշվառման խնդիրը, որը Մնացական Բիչախչյանի բնորոշմամբ` «ամենացավոտ խնդիրներից մեկն է»։
Այդ հարցի շուրջ իրազեկումներն առայժմ չեն տալիս ցանկալի արդյունք։
«Անձինք իրենց բնակարանները տալիս են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով և արգելում են վարձակալներին այդ հասցեով հաշվառվել»,– ասում է Բիչախչյանը` ևս մեկ անգամ իրազեկելով, որ հաշվառումը սեփականության իրավունքի հետ որևէ կապ չունի։
Նրա խոսքով` շփոթմունքը գալիս է դեռ խորհրդային տարիներից, երբ բնակարանները պետության սեփականությունն էին, իսկ անկախացումից հետո այդ հասցեներում հաշվառված բոլոր անձինք դարձան բնակարանի սեփականատերեր։
«Անցել է արդեն սեփականաշնորհման գործընթացը։ Եթե դուք արդեն սեփականատեր եք, հաշվառված անձը ոչ մի իրավունք չի կարող ունենալ ձեր սեփականության նկատմամբ։ Ուղղակի թողեք, որ բնակիչը հաշվառվի իր բնակության հասցեով։ Դա նաև խոչընդոտ է հանդիսանում քաղաքացու կողմից նպաստներ ստանալու, անձնագիրը փոխանակելու և ստանալու»,– ասաց Բիչախչյանը։
Անձնագրային և վիզաների վարչության պետի հետ Sputnik Արմենիայի զրույցում չի շրջանցվել նաև համակարգում կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի, անձնագրային բաժիններում հերթերի վերացման թեման, ինչպես նաև Ամանորին ՀՀ քաղաքացիների` արտերկիր մեկնելու ու դրա համար անձնագրերը նախօրոք նախապատրաստելու թեման։