ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի Էդգար Ղուկասյանը հաղթեց տանզանիացի բռնցքամարտիկ Կուլվա Բուշիրին WBA Asia South չեմպիոնի տիտղոսը նվաճելու մարտում։ Մոսկվայում անցկացվող ՎՏԲ–Արենայում մրցավարների որոշումը միաձայն էր։
Բռնցքամարտիկները տիտղոսի համար 10 ռաունդ պայքարեցին։ Ինչպես գրում է 5-tv.ru–ն, Էդգար Ղուկասյանը մարտի սկզբում շատ կտրուկ գրոհի անցավ, թեև հազվադեպ էր ճշգրիտ հարվածներ հասցնում։ 8-րդ ռաունդում Էդգար Ղուկասյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց մրցակցին, թեև ինքն էլ հարվածներ ստացավ։
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նատալյա Ռագոզինան ՌԵՆ ՏՎ–ի եթերում շնորհավորել է Էդգարին։ Նա ասել է, որ գրազը հաղթել է, քանի որ համոզված էր` Ղուկասյանը հաղթելու էր։
«Ես ասել էի, որ Էդգարը կհաղթի։ Հայերը «խզարում» են։ Իհարկե, մենք սպասում ենք գլխավոր մարտին, որի ժամանակ կհանդիպեն Կոկլյաևն ու Եմելյանենկոն», – ասել է Ռագոզինան։
Մրցաշարի շրջանակում արդեն մի քանի մենամարտ է կայացել, հաղթողների թվում ևս մեկ հայ կա, որը ներկայացնում է Ռուսաստանը` Վարդան Հարությունյանը։