ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Սույն թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Ամենօրյա աշխատանքային գրաֆիկի անցնելու պատճառը Նոր տարվա և Սուրբ ծննդի օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելն է։
Նշվում է, որ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց:
Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն
Երևանից գնացքը կմեկնի ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին:
Երևանից Գյումրի գնացքը հասնում է վնասով. կառավարությունը ՀԿԵ–ին 351 մլն դրամ կտրամադրի
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: