Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ եթե 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն հեղափոխություն է և շատ լավ է, ապա պետք է ասել, որ այդ պարագայում ավելի լավ ցուցանիշ ունեինք մինչև 2018թ.-ի մայիսյան իշխանափոխությունը, երբ 2018թ.-ի առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 9,4 տոկոս, ինչը չի գերազանցվել մինչև օրս:
«Առաջանում է նաև երկրորդ հարցը. եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,1 տոկոս է, և մենք տարին փակելու ենք 7 տոկոսով, ապա ինչո՞ւ 2019թ.-ին այսպիսի արդյունք ունենալով, 2020թ.-ի պետական բյուջեում ունենք ընդամենը 4,9 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսում»,- հարցնում է Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ այնուամենայնիվ, տնտեսական աճի այս ցուցանիշները հեղափոխական կամ իներցիոն անվանելու համար պետք է նաև անդրադառնալ դրա կառուցվածքին: Ըստ այդմ՝ ամենաբարձր աճը կրկին ապահովվել է ծառայությունների ոլորտում, այսինքն՝ խաղային բիզնեսում, այն ինչը խնդիր էր համարվում այս կառավարության կողմից, և նույնը շարունակվում է նաև այսօր:
«Դրական է, որ արդյունաբերության բնագավառում ունենք 8 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայցևայնպես մեր տնտեսության կառուցվածքը նույնիսկ միտումների առումով դեռևս հեռու է արդյունավետ վիճակից, որովհետև նույն արտահանումը 2019թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով գրանցել է ընդամենը 7 տոկոս աճ, մինչդեռ մինչև իշխանափոխությունը արտահանման ցուցանիշը 2018թ.-ի առաջին չորս ամիսներին աճել էր շուրջ 25 տոկոսով»,- նշում է Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի փոխանցմամբ՝ հեղափոխականին մոտ արձանագրում կա պետբյուջեի եկամուտների մասով, որոնք իսկապես ավելացել են մոտ 20 տոկոսի չափով, սակայն դա հիմնականում այն հանգամանքի հաշվին է, որ մեծ բեռն ընկել է փոքր ու միջին բիզնեսի ուսերին ու նաև վարչարարության վրա: Նման հավաքագրումների պարագայում հաջորդ տարիների բյուջեի հավելյալ եկամուտները պետք է արձանագրվեն կամ գնաճի, կամ էլ ՀՆԱ-ի աճի հաշվին: Իսկ ՀՆԱ-ն կավելանա միայն ներքին ու արտաքին ներդրումների հաշվին:
Միջազգային տնտեսական հանրությունը դրական է գնահատում. Փաշինյանը` Fitch-ի հրապարակման մասին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%:
Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:
Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»,–գրել էր նա և հավելել, որ
ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը: