ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ցավական հաղորդագրություն է տարածել հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ։
«Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերզված չեն»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, որոնք փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի անունը՝ հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ նվիրումով և անթերի պրոֆեսիոնալիզմով։
Երեկ` նոյեմբերի 25-ին` 93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։
Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։
Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը
1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:
1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։
1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։