ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է շուրջ երեքդարյա պատմություն ունեցող Մխիթարյան միաբանությունը։
Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ
Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։
«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան
Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։
Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը և ուրախություն հայտնել, որ անդառնալի վնաս չի եղել։
Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։
«Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։
Հայր Գևորգ Սարգսյան. «Մխիթարյան միաբանության գլխավոր մուտքի պարիսպները զգալի վնասվել են»
Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։
Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։ Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին»,–իր գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հանդիպում է ունեցել նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։
Ավելի վաղ Facebook–ի ուղիղ եթերի միջոցով Փաշինյանը տեղեկացրել էր, որ մեկնում է սուրբ Ղազար կղզի` զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, Հայ Կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Իր գործունեության ընթացքում Մխիթարյան միաբանությունը հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության տնօրինության տակ այժմ գործում են Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրատ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իտալիա։