ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Սպայկա» ընկերության արտադրած պանրով բեռնատարն ուղևորվել է ՌԴ։ Այս մասին ասված է «Սպայկա» ընկերության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
««Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ «Վերին Լարսի» մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո, անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից տեղեկացնում են, որ ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ «Վերին Լարսի» մաքսային անցակետի կողմից:
«Այդ ընթացքում՝ 17.11.2019թ.-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտե աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել են «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը»,–տեղեկացնում են «Սպայկայից»:
Հայաստանն ու «Վերին Լարսը». ե՞րբ կլուծվի ամենածանրաբեռնված անցակետի «ոդիսականը»
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին աջակցության համար և հուսով է, որ խնդիրը մտել է համակարգային լուծման փուլ և ընկերության կապույտ բորբոսով պանրի հաջորդ մատակարարումները ՌԴ հետագայում չեն հանդիպի նման խոչընդոտների:
Բեռան պատճառով «Սպայկայի» մեքենաները մնացել են Վերին Լարսի անցակետում
Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության` ՌԴ արտահանվող 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը տևական ժամանակ «Վերին Լարսի» մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո նոյեմբերի 7-ին վերադարձվել է Հայաստան։ Ռուսական կողմի բանավոր մեկնաբանության համաձայն` ընկերության 2 բեռնատարներն անցակետում կանգնեցվել են արտադրանքի ծագման վերաբերյալ ունեցած կասկածների հիման վրա (պանիրը Հայաստանում է արտադրվել, թե ոչ – խմբ)։