ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սոցիալական բնակարաններում ապրող միայնակ ծերերի կոմունալ վարձավճարները 2020թ.–ից կվճարի պետությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը` ներկայացնելով նախարարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը։
«Այդ անհրաժեշտությունն առաջացել էր, որովհետև սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցներին մենք տալիս ենք միայն բնակարան, և իրենց մնացած խնդիրներն իրենք լուծում են ինքնուրույն` իրենց կոնսաթոշակի միջոցով։ Շատ հաճախ, եթե չասենք` գրեթե միշտ, այդ կենսաթոշակը չի բավականացրել իրենց առաջնահերթ հարցերը լուծելու ու կոմունալ վարձավճարները վճարելու համար։ Արդյունքում շատ մեծ պարտքեր են կուտակվել այն սոցիալական բակարաններում, որտեղ իրենք բնակվել են»,– ասաց փոխնախարարը։
Այդ նպատակով Սոցապ նախարարությունը որոշ փոփոխություններ է նախաձեռնել «Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։
Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին
Օրենքի փոփոխությունից, Գեմաֆին Գասպարյանի խոսքով, կօգտվեն սոցիալական բնակարաններում բնակվող 59 միայնակ ծերեր։
«1 անձի համար ամիսը միջինը 12 000 դրամի մասին է խոսքը, տարեկան 144 000 դրամի։ 59 բնակչի համար տարեկան շուրջ 8.5 մլն դրամ է ստացվում»,– ասաց Գասպարյանը։
Հայ գործարարը մարել է թոշակառուի հսկայական պարտքը. պատմում է Սիմոնյանը
Ընդհանուր առմամբ, Հայաստանի սոցիալական բնակարաններում այս պահին բնակվում է 200 քաղաքացի։ Նրանցից 141-ը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ են։